Այս խորագիրն էր կրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Ասմունքի խմբակի բաց դասը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գալուստ Գյուլբենկյան դահլիճում 2015 թվականի մայիսի 12-ին ներկայացվեց գրական-երաժշտական մոնտաժ, որտեղ դպրոցահասակ 13 հայ պատանիներ ու աղջիկներ իրենց հուզումնալից ասմունքով, ներկաներին տեսանելի դարձրեցին այն օրերի արհավիրքը, որի զոհը դարձավ մեկ ու կես միլիոն հայ: Ուսուցչի՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասան Սամվել Էլբակյանի անդուլ և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, գրական մոնտաժի մասնակիցները սահուն խոսքով, մտածված շեշտադրությամբ և չթաքնված հուզմունքով կարողացան հանդիսականներին մեկ անգամ կրկին ներկայացնել Հայոց Եղեռնի մահասարսուռ օրերը, անմեղ մարդկանց. երեխաների, կանանց ու տարեցների դաժանաբար նահատակության պատկերները, հայի լուսավոր մտքի ոչնչացմանն ուղղված թուրք ենիչերիների ծրագրերն ու անմարդկային գործողությունները:
|