Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հրապարակում կրկին սայաթնովյան Վարդատոն էր, 101-րդ Սայաթնովյան Վարդատոնը: Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաղինջաղյանի և բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված սայաթնովյան «Վարդատոնը» Թբիլիսիի բնակչության սիրված և նվիրական տոներից մեկն է, որին մասնակցում է քաղաքի բազմազգ հասարակությունը և ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը, չսպասելով հայտարարության ու հրավերքի, գալիս է՝ վարդերով զարդարելու մեծ սիրերգակի ու բանաստեղծի գերեզմանը, ով նվիրվելով իր սիրելի քաղաքի պաշտպանությանը, հանգչում է հայոց հինավուրց եկեղեցու բակում, գալիս է վերստին ըմբոշխնելու անմահ բանաստեղծ-երգչի խոհա-փիլիսոփայական, սիրային ու խրատական երգերի ու բանաստեղծությունների հմայքը:
|