|  2018 թվականի ապրիլի 10-ին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի» տուն գիտա-մշակութային կենտրոնում կայացավ բանաստեղծ-թարգմանիչ, Վրաստանի վաստակավոր ժուռնալիստ, գրականության ոլորտում  հայրենական և միջազգային մրցանակների դափնեկիր, բանասիրական գիտությունների դոկտոր Վլադիմիր Սարիշվիլիի ստեղծագործական երեկոն: Իրենց ներկայությամբ միջոցառումը հարգել էին երաժիշտ Վաժա Ազարաշվիլին, դաշնակահար Կառլո Չուխրուխիձեն, լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, Իգոր Նագորնին,Նոդար Պալիաշվիլին, Նինել Մելքաձեն, Պաոլո Ուրուշաձեն,Իննա Բեզիրգանովան և ուրիշներ:
 Երեկոն նվիրված էր Վլադիմիր Սարիշվիլիի գրական գործունեության 35-ամյակին: Ողջույնի խոսքով այն բացեց Թումանյանի տան հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Վերջինս ընդգծեց արդի ժամանակներում նման ստեղծագործական երեկոների կարևորությունը և մաղթեց Վլադիմիր Սարիշվիլիին առաջընթաց բանաստեղծական և հասարակական կյանքում և նորանոր բարձունքների նվաճում:
 Հոբելյանի առիթով Վլադիմիր Սարիշվիլիին շնորհավորեց  Վրաստանի գրողների միության նախագահ Բաղաթեր Արաբուլին և փոխանցեց «Վրաց գրականության դեսպան» դիպլոմը:
 Վրաստանի գրողների միության միջազգային բաժինը ղեկավարելու տասը տարիների ընթացքում Վլադիմիր Սարիշվիլիի կողմից կազմակերպվել են բազում միջոցառումներ՝ նվիրված տեղի և սփյուռքի ստեղծագործողների գործերին: Դրանցից մեկը Վրաստանի գրողների միության 100-ամյակին նվիրված երկհատորյակն է, որտեղ ընդգրկված են վրաց բանաստեղծների շուրջ 150 գործեր թարգմանված  ռուսերեն: Դրանցից կեսից ավելիի թարգմանության հեղինակը Վլադիմիր Սարիշվիլին է: Այս երկհատորյակը, որի մեջ մտնում են ոչմիայն վրացի, այլև աբխազ, օս, հայ, հույն, հրեա, ուկրաինացի և այլ ազգերի ներկայացուցիչների գործեր, մինչև տարեվերջ հրատարակելու է «Լիբրիկա» մոսկովյան հրատարակությունը:
 Պոեզիայի երեկոյին ներկայացվեց Վլադիմիր Սարիշվիլիի կողմից գրված «Թելով կապված ժամանակներ» մենագրությունը՝ նվիրված Տիցիան Տաբիձեի ընտանիքին:Մենագրության կարևոր կերպարներից մեկը հանդիսանում է Հովհաննես Թումանյանը, որի հատվածը երեկոյի ժամանակ ընթերցեց հեղինակը:
 Երեկոն ընթացավ բանաստեղծի տարիներ առաջ գրված պոեզիայից,  նոր ստեղծագործություններից, կատարված թարգմանություններից նմուշների ընթերցմամբ  և հեղինակների ելույթներով:
 Վլադիմիր Սարիշվիլիի ստեղծագործությունները ընթերցեց Գրիբոյեդովի անվան  ռուսական թատրոնի դերասանուհի Վալերի Խարյուտչենկոն, բանաստեղծներ  Պատրիցիա Դելոն, Սիլվա Քեմերթելիձեն , Դավիթ Շեմոքմեդելին, Արտյոմ Կիրակոզովը, Ալլա Զենկո-Խերխեուլիձեն, Օլգա Կիրիցկովան: Իր կատարած թարգմանությունը հայերեն  ընթերցեց Գիսանե Հովսեփյանը: Երաժշտական համարներ կատարեցին դաշնակահար Եսայի Աբովյանը, ջութակահար Մարիաննա Կիրակոզովան:
 Հայտնի նկարիչ և գրող Ռևազ Ադամիան «Հովհաննես Թումանյանի տանը« նվիրեց բանաստեղծի գրաֆիկական դիմանկարը: Երեկոն նոր էջ բացեց «Հովհաննես Թումանյանի տան» տարեգրությունում:
 |