
Հուլիսի 27-ին, առավոտից աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Հավատացյալները գալիս էին մասնակից դառնալու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի նշանավորմանը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի Պատարագիչն էր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը: Հավարտ Պատարագի Սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա մասին, կարևորելով տոնի Աստվածային խորհուրդը և պատգամեց նորոգվել Հիսուսով, Պայծառակերպվել, Քրիստոսով ապրել նոր կյանք, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն և հոգևոր լուսավորություն: Սրբազանը նաև հորդորեց հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով, բարի գործերով, գթասրտությամբ և ներողամտությամբ:
|